29 Sep
29Sep

  Ծովահեններ ասելիս շատերը պատկերացնում են հիմնականում 16-17 դարերում բաց ծովում նավերից կողոպուտներ կատարողներին: Սակայն 2003 թվականին դուրս եկած Կարիբյան ծովահեններ ֆիլմաշարքի առաջին մասը, որը լի էր սյուժետային հետաքրքիր լուծումներով, անսպասելի շրջադարձերով, դերասանկան լավ խաղով, ռեժիսորի և ստեղծագործական թիմի աշխատանքով, ստիպեց շատ դեռահասների (նաև ինձ) ուզենալ դառնալ ծովահեն, նավերով շրջագայել ծովերով, կռվել հրեշների, հեքիաթային կերպարների և տասնայակ թշնամիների դեմ:

 

  Իրականում ծովահենները, որոնք գոյություն են ունեցել անհիշելի ժամանակներից, և կան նույնիսկ այսօր, եղել են ու միշտ էլ կլինեն մարդկության համար սպառնալիք, քանզի նրանց պատճառով տուժել ու թալանվել են հազարավոր նավեր, սպանվել հարյուրավոր նավաստիներ: 


  Լավ, շատ շեղվեցինք։ "Կարիբյան ծովահենները" ունի 5 մաս, որոնք դուրս են եկել համապատասխանաբար 2003, 2006, 2007, 2011, 2017 թվականներին: Առաջին երեք մասի ռեժիսորը Գոռ Վերբինսկին է, չորրորդինը՝ Ռոբ Մարշալը, իսկ 4 հատվածի սցենարիստներն էլ Թերի Ռոսիոն ու Թեդ Էլիոտն են, իսկ այ հինգերորդ մասի թե՛ սցենարիստները, թե՛ ռեժիսորներն ուրիշ մարդիկ են։ Չգիտեմ դա է պատճառը, թե ոչ, անկեղծ ասած, հինգերորդ մասը ամենաքիչն եմ սիրում։ Իսկ դու ի՞նչ ես մտածում:


  Տեսեք, օրինակ, առաջին չորս մասերը ես յուրաքանչյուրը ամենաքիչը  4-5 անգամ նայել եմ, իսկ հինգերորդն ընդամենը մեկ անգամ եմ դիտել:


  Դերասանական խաղը բոլորի մոտ հրաշալի էր, այդտեղ ասելու բան չկա, բայց օրինակ վերցնենք Ջոնի Դեփի կերպարին՝ Ջեքին, 1-4 մասերում էլ ինքը  խմիչքի նկատմամբ թուլություն ունի և աղջիկների հետևից քարշ է գալիս, բայց հինգերորդ մասում իրեն դարձրել են ալկոհոլիկ ու թուլամորթ մեկը, ով հանուն մի շիշ ռոմի պատրաստ է իր թանկագին կողմնացույցը զոհաբերել:


  Ամենասիրածս մասը չորրորդն է: Դրա ամեն մի վարկյանը հետաքրքիր է ու անսպասելի: Ահա 4 պատճառ, թե ինչու եմ 4-րդ մասն ամենաշատը սիրում՝

  1. Մարշալի ոճն ակնհայտորեն տարբերվում է Վերբինսկու ոճից՝ ավելի լուսավոր է, գունեղ, ավեկի անսպասելի, ստիպում է, որ ամեն մի պահ սրտի թրթիռով սպասես:

  2. Ֆիլմում տեսնում ենք նոր դեմքեր, որոնք իրենց խաղով թարմ շունչ են տալիս 4-րդ մասին:

  3. Այն նաև առանձին ֆիլմ է, և եթե մարդը առաջին երեք մասերը չի նայել, կարող է շատ հանգիստ դիտել 4-րդ մասը և ամեն ինչ ըմբռնել, իսկ առաջին 3 ֆիլմերը մեկը մյուսի տրամաբանական շարունակությունն են։ 

  4. Այստեղ մենք տեսնում ենք, որ Ջեքը վերջապես սիրահարվում է և, թվում էր, թե 5-րդ մասում այդ պատմությունը պետք է շարունակություն ունենա, նրանք ամուսնանան, երեխաներ ունենան, բայց իմ հույսերը չարդարացան: 


  Խորհուրդ եմ տալիս՝ Կարիբյան ծովահեններ ֆիլմաշարքն ամբողջությամբ դիտել, իսկ եթե արդեն նայել ես, ապա հայտնիր կարծիքդ քոմենթներում:



                                                                                                                                                                       Հեղինակ՝ Սարիբեկ Ճնճղուկ

I BUILT MY SITE FOR FREE USING